Կկրճատվի ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը․ Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News 

Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլ նաև գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի և ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազմման փոփոխություններ է ենթադրում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Փոփոխություններ են իրականացվում նաև դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։ Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։ Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետևյալ մոտեցումը. փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից և 4՝ գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական և ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։

Կարևոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։

Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսևորելով առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձևավորելու և ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձևավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»,- գրել է Անդրեասյանը։

--00--ԱՀ