ԵԱՏՄ-ից դուրս գալը եթե ոչ վտանգավոր, ապա նպատակահարմար չէ. Հովհաննես Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 15, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի համար առաջադրված թեկնածուների հետ կապված խնդիր չի տեսնում։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ապա հավելել, որ դրական է վերաբերում նաև ԱԺ արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում Ռուբեն Ռուբինյանի, Արման Եղոյանի և Միքայել Մելքումյանի թեկնածություններին։

«Ինձ թվում է՝ հանձնաժողովը լավ կաշխատի։ Իսկ Արման Եղոյանը փորձ ունի թե՛ գործադիրում, թե՛ այստեղ, խնդիրներ չեմ տեսնում։ Շատ արագ կմտնի թեմայի մեջ»,- ասել է Իգիթյանը։ 

Դիտարկմանը, թե ժամանակին ընդդիմադիր, այսօր իշխող ուժի ներկայացուցիչները դնում էին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, ի՞նչն է փոխվել, որ նույն ուժի ներկայացուցչները ԱԺ-ում հանձնաժողով են ստեղծում ԵԱՏՄ հետ հարաբերություններն ակտիվացնելու համար, նա նկատել է, որ ժամանակին այդ կառույցի հետ կապված խնդիրները բարձրաձայնելու միակ տարբերակը դա է եղել, և որ հանձնաժողովն ավելի լայն է, քան ԵԱՏՄ-ն, քանի որ անդրադառնալու է նաև տարածաշրջանային խնդիրներին։

«ԵԱՏՄ-ում եղած բազմաթիվ խնդիրների լուծումների բացակայությունն ու ստեղծված ճգնաժամն էր դրդել նախկին ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ բարձրացնելու այդ միությունից՝ Հայաստանի դուրս գալու մասին հարցը։ Այժմ Փաշինյանի և ԵԱՏՄ նրա գործընկերների հետ հարաբերություններում որպես ռազմավարություն պետք է տեսնել, թե ինչ է շահելու Հայաստանը ԵԱՏՄ-ում: Այս դեպքում դուրս գալը, ես չեմ ուզում ասել վտանգավոր, բայց ոչ նպատակահարմար է»,- ասել է Իգիթյանը։

Պատգամավորը նաև հիշեցրել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 1 օրում է որոշել անդամակցել ԵԱՏՄ-ին, ինչն էլ հենց նրանք խնդրահարույց են համարել, քանի որ ԵՄ-ի հետ տարիներ շարունակ բանակցում էին։ Ըստ պատգամավորի՝ խնդիրն այն է, որ առանց բանակցելու, դետալ առ դետալ քննարկում իրականացնելու է ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշում կայացվել, ինչին էլ  ընդդիմանալու առիթ է տվել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս