Քերոբյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ԵԱՏՄ մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Քերոբյան դեսպան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։ Դեսպան Կիշան Դան Դևալը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցությունը քաղաքական մակարդակին հավասարեցնելու համար։

Նա տեղեկացրել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով Հնդկաստանը զարգացող երկրների շարքում ունի ամենաարագ զարգացող տնտեսությունը, և հնդկական կողմը մեծապես հետաքրքրված է Հայաստանի հետ իրականացնել փոխշահավետ նախագծեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն առանձնացրել են տնտեսության այն հիմնական ոլորտները, որոնց ուղղությամբ առավել նպատակահարմար է զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը՝ մետաղագործություն, մեքենաշինություն, տեքստիլ արդյունաբերություն, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն և կրեատիվ ինդուստրիա։ Դեսպանը տեղեկացրել է, որ հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերով և պատրաստ են մասնակցել պետական գնումների գործընթացին։

Վահան Քերոբյանը ողջունել է այդ գաղափարը և նշել, որ միջոցներ են ձեռնարկվելու գործընկեր պետություններին Հայաստանում իրականացվող պետական գնումների վերաբերյալ առավել մանրամասն և օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է դեսպանին դիտարկել դեպի ԵԱՏՄ մյուս շուկաներ դուրս գալու հնարավորությունը։ Երկկողմ գործարար կապերն ավելի ամրապնդելու նպատակով նախարարն առաջարկել է ակտիվորեն մասնակցել երկու երկրներում կազմակերպվող գործարար համաժողովներին, ցուցահանդեսներին և տոնավաճառներին, ինչը հնարավարություն կտա երկու երկրների գործարարներին ստեղծելու անմիջական կապեր և իրականացնելու համատեղ ծրագրեր։

Կիշան Դան Դևալը տեղեկացրել է, որ Հնդկաստանում առաջիկայում կկազմակերպվի India Expo 2022 խոշոր ցուցահանդես, և հրավիրել հայկական ընկերություններին՝ առանձին տաղավարով մասնակցել այդ ցուցահանդեսին։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է Հնդկաստանում կազմակերպել Հայաստանի մասին տեղեկատվական արշավ՝ մեր երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Այդ աշխատանքը կազմակերպելու համար, կողմերի պայմանավորվածությամբ, Հայաստանից ներկայացուցիչ կգործուղվի Հնդկաստան։

--00--ԱԹ