Գյումրիում ամուսինը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ որովայնին ու ծնոտին, սպանել, ապա խոստովանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

նկար

Մայիսի 22-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22։25-ի սահմանում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ 

Ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ, 43-ամյա Սիրանույշ Մ․-ն էր։ Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստանում սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։ 

Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։

Աղբյուրը հայտնում է, որ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե․-ն է։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Ե․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  

Տեսանյութեր