Ռուսաստանը ՀՀ ռազմավարական գործընկերն է․ Վաղարշակ Հակոբյանը՝ ԱԺ-ում փորձաշրջան անցնող ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

վաղարշակ

Հայաստանի Հանրապետության շահը պահանջում է, որպեսզի մեր երկիրն արժանապատիվ ներկայանա միջազգային հանրությանը եւ բալանսավորի իր հարաբերությունները մյուս գործընկերների հետ. ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար,   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԳԱԱ, ԵՊՀ եւ Կառավարման ակադեմիայի ուսանողներին:

Պատգամավորը ներկայացրել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը եւ նշել, որ հիմնական գործառույթները եվրասիական տարածաշրջանային երկրների հետ համագործակցությունն է:

Վաղարշակ Հակոբյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ միջազգային կառույցներին, հայ-ռուսական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ հավաստիացրել, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեր քաղաքական առաջնահերթությունն է:

Ուսանողները հետաքրքրվել են Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությամբ, ինչին  ի պատասխան Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է. «ԵՄ դիտորդների տեղակայումը սահմանին հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը տեղեկանալ իրողությանը»:

Պատգամավորն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին՝ կարեւորելով հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը: Այն հարցին՝ ճի՞շտ էր արդյոք Թուրքիային հումանիտար օգնություն ուղարկելը, խորհրդարանականը նշել է, որ դա առաջին հերթին կրում է մարդասիրական բնույթ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ հայ-իրանական հարաբերություններից:

Ուսանողները հետաքրքրվել են վերջին տարիներին Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացմամբ: Այս համատեքստում Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթանակ է տարել: «Մեզ հաջողվել է պատերազմից հետո այդ արհավիրքների միջով անցնել, բայց ՀՀ քաղաքացու քվեն ոչ մեկին չտալ, սա ամենակարեւոր ձեռքբերումներից է, որ մեր իշխանությունն ունի»,- ասել է պատգամավորը:

Պատգամավորը հորդորել է ուսանողներին ակտիվ հետեւել քաղաքական կյանքին, որպեսզի կարողանան ճիշտ պատկերացում ունենալ երկրում ու աշխարհում կատարվող քաղաքական անցուդարձերի մասին:



 

--00—ՍՊ