Ստեփանակերտում քաղաքացին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

124537.jpg

2023թ. ապրիլի 18-ին ժամը 00:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց, Ա.Կ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, դուրս է եկել ճանապարհի միջնամաս և խանգարելով նշված ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների տեղաշարժը, առանց որևէ պատճառի կանգնեցրել է «MERCEDES-BENZ» մակնիշի 93 AV 999 հ/հ ավտոմեքենան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։



Նշված ավտոմեքենայի վարորդը՝ Վ. Ա.-ն, դուրս է եկել մեքենայից, որից հետո Ա.Կ.ն բռնություն գործադրելով՝ դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս, որի ընթացքում բարձրաձայն հայհոյանքների զուգորդմամբ, անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:



Նշված փաստի առթիվ 19.04.2023թ., ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով /Խուլիգանությունը/ հարուցվել է քրեական գործ: Ա.Կ.-ն ձերբակալվել է: 21.04.2023թ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:



Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



--00—ԶՀ