Հայաստանն առաջնորդվում է ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի, այլ «և՛, և՛»-ի սկզբունքով․ Թոմաս Շրապել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Որպես քաղաքական հիմնադրամ՝ մենք շահագրգռված ենք այնպիսի մի երկրի հավակնությունների հարցում, որը ցանկանում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները խորացնել: «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դր. Թոմաս Շրապելը:

«Հայաստանը ցանկանում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները լայնացնել և խորացնել»,- նշեց նա՝  հավելելով, որ  վերջին տարիներին Հայաստանը վարում է խելամիտ քաղաքականություն:

«ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքական պատասխանատվություն կրող անձանց ցանկությունը 2017 թ.-ին որակապես ավելի բարձր մակարդակի է բարձրացվել։ Կարելի է ասել, որ այս ցանկությունն ինստիտուցիոնալիզացվել է, և կան նաև համապատասխան պայմանավորվածություններ, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ միջոցառումները գնալով ավելի կշատանան», - ասաց Թոմաս Շրապելը։ 

 Նա նկատեց, որ Հայաստանը յուրահատուկ կարգավիճակ ունի, քանի որ այն, լինելով ԵԱՏՄ անդամ, ցանկանում է հարաբերությունները խորացնել նաև ԵՄ հետ։ «Ոմանք այս ցանկության մեջ հակասություն են տեսնում, բայց մեզ համար դա հակասություն չէ։ Մենք համոզված ենք, որ այս համադրությունն առաջնորդվում է ոչ թե «կա՛մ, կա՛մ»-ի, այլ «և՛, և՛»-ի սկզբունքով»,- ասաց նա: