Խաղը սրանով չի ավարտվում, կռիվը տեղափոխվելու է Հայաստան, նոր պահանջներ են դրվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արցախում զոհերի թիվը մեծ է, երբ պատերազմն ավարտվեց, ահասարսուռ ինֆորմացիաների ենք տիրապետելու, Արցախում ցեղասպանություն է կատարվում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո նոր լայնածավալ ռազմական գործողությունների հիմք դրվեց, ցանկանում էին արցախցուն խաղաղ ճանապարհով ծնկի բերել, հայրենիքից հանել, այդ պլանը չստացվեց, անցան ռազմական գործողությունների։

«Այս պատմությունը այսպես չի ավարտվելու, եթե Արցախը կորցնենք, միևնույն է, Բաքվի բռնապետի և իրեն սատարող միջազգային հանրության կողմից տարածաշրջանում տեղի են ունենալու ավելի լայն ռազմական գործողություններ, որի կիզակետում Հայաստանն է լինելու և կրկին պահանջներ է դրվելու, եթե չարվի՝ մեղադրելու են մեզ և գործողություններ սկսվի նորից։

Բաքուն գնալու է նրան, որ նույնիսկ ՀՀ-ին ցուցակ կտա՝ պահանջելով քաղաքացիների, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարել կամ հանցագործ է համարում։ Պետք է հասկանալ, որ խաղը սրանով չի ավարտվում, տեղափոխվելու է Հայաստան, այս ամենի դեմը առնելու համար դիվանագիտությունից բացի շեշտը պետք է դնել ռազմարդյունաբերության, գիտության, բանակը զինելու վրա։ Տարածաշրջանը շատ հեռու է խաղաղությունից, ժողովրդավարություն խաղալով՝ կործանման ենք գնում, հակառակորդն այլ կանոններով է խաղում։»,-ավելացրեց ռազմական փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ