Արցախից գերեվարվածների նոր ապացույցներ են ներկայացվել․ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ գանգատները լրացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

դդ

Սեպտեմբերի 19–ին Արցախում տեղի ունեցած վերջին ագրեսիայի ժամանակ և՛ Արցախից գերեվարված պաշտոնատար անձանց, և՛ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացրել։ Այդ մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշեց, որ իրենք դիմումները ներկայացրել են հավաքագրված տեղեկությունների ու ապացույցների հիման վրա, սակայն, թե քանի գերեվարվածի մասին է խոսքը, դեռևս պարզ չէ, քանի որ դեռ ճշտումներ կարող են արվել։

Այժմ Հայաստանի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պատրաստվում է ներկայացված միջպետական հիմնական գանգատներին լրացում ներկայացնել` Արցախի բռնի տեղահանման դեպքերի մասով։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ ՄԻԵԴ–ում Հայաստանի հիմնական ու առաջին գանգատի քննության գրավոր ընթացակարգն ավարտվել է, այն վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին։ Եվ Հայաստանն ակնկալում է դատարանի կողմից առաջին գանգատի վերաբերյալ հրապարակային լսումներ անցկացնել` առաջին գանգատի ընդունելիության և իրավազորության հարցերի վերաբերյալ։

Կիրակոսյանը չի կարծում, որ մինչև տարեվերջ միջազգային դատարաններից որևէ հրապարակային գործընթաց կլինի։ Միայն ակնկալվում է հոկտեմբերին տեղի ունեցած վերջին լսումների արդյունքում Հաագայի դատարանի ժամանակավոր միջոցների մասին որոշման հրապարակումը, որն էլ ամենայն հավանականությամբ կարող է լինել նոյեմբերին։

Ադրբեջանի վերջին ագրեսիայի արյունքում այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը դեռ պարզ չէ։

--00—ՍՊ