Հայաստանի գլխին նոր պատերազմ է կախված, իսկ դրա միակ հեղինակը Նիկոլ Փաշինյանն է իր խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու: Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը: Այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«2022 թվականին իշխանությունն ասում էր, որ եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի՝ ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ:

2023 թվականի նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինքրոն համոզում էր հանրությանը, որ ռևանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն:

Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս:

2024 թվականին իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի:

Մեռաք ձեր ասած 29800 քառակուսի տարածքը հանձնելով, թե բա կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է:

Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես իշխանությունը խոստացել-ֆռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին:

Բանակցային գործընթացը բերել են հասցրել մի կետի, երբ արդեն հստակ չի, թե ինչի՞ շուրջ է իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը որոնք գոյություն ունեն կամ չունեն:

Այդքան չարչրքված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, թե՞ չունի:

Եթե ունի, ապա ո ՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները:

Եթե դա գոյություն չունի, ապա ինչո՞ւ և ո՞ւր է Հայաստանի  իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը:

Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահիճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի:

Մեր իրականությում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան՝ նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են»,-ասել է նա:

--00—ՅՄ