Իրանական ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու համար․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1e9b546a7d4949bd8a59a02d10ea4b3319c7f561

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր թափ են հաղորդում երկու երկրների ու քաղաքների հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով գործակցությունն ընդլայնելու պատրաստակամության համար՝ դեսպան Մեհդի Սոբհանին իր հերթին նշել է, որ իրանական բազմաթիվ ընկերություններ կան, որոնք հետաքրքրված են Երևանում ներդրումներ իրականացնելու համար:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, ավտոբուսային հավաքակայանը էլեկտրական ավտոբուսներով համալրելու ծրագրին, այգիների ու խաղահրապարակների կառուցման նախագծերին:

Կողմերը կարևորել են նաև իրանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը Երևանի նկատմամբ: 2023թ. Երևան է այցելել շուրջ 120 000 զբոսաշրջիկ:

--00—ՅՄ