Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Ցեղասպանության 109-րդ տարելիցը. դեսպան Համբարձումյանի ելույթը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1135603

Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ ոգեկոչելով 20-րդ դարասկզբի արհավիրքի զոհերի հիշատակը։

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի նախարարների խորհրդի փոխնախագահ Մատեո Սալվինին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Արաբական լիգայի դեսպան Ինաս Մեքքավին, Իտալիայի արաբական «Ասադաքահ» ասոցիացիայի փոխնախագահ Մոհամմադ Յուսեֆը և այլ պաշտոնյաներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալաարաբական կենտրոնը հանդես է եղել ուղերձով, որում ևս մեկ անգամ արձանագրված է այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին նման ոճրագործությունն էր։ 

«1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը սկսվեց հայ ժողովրդի համակարգված բնաջնջումը Օսմանյան կայսրության տարածքներում։ Երիտթուրքերի ազգայնական կազմակերպության նպատակը, որը ծնվել է 20-րդ դարի սկզբին և իշխանության եկել 1909 թվականին, թուրքական ազգային պետություն ստեղծելն էր՝ տասնիններորդ դարում կազմավորված եվրոպական նոր երկրների օրինակով։ Հայերը, այլազգի քրիստոնյաներն ու հնդեվրոպացիներն ազգայնական այդ երազանքն ավարտին հասցնելու ճանապարհին ամենաակնհայտ խոչընդոտն էին, որ պետք է վերացվեր։ Հայերը, հույները, ասորիները՝ երեք կարևորագույն քրիստոնեական համայնքները, առաջին թիրախն էին։ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է Պոլսում ապրիլի 24-ի գիշերը՝ մտավորականների, գիտնականների, բանաստեղծների տներում։ Մեկ ամսում հազարից ավելի հայ մտավորականներ աքսորվեցին և ճանապարհին կոտորվեցին։ Ձերբակալություններն ու տեղահանությունները հիմնականում իրականացվել են երիտթուրքերի կողմից։ Մահվան երթերին մասնակցում էր 1,200,000 մարդ։ Նրանցից հարյուր հազարավոր մարդիկ մահացան սովից, հիվանդություններից կամ հյուծվածությունից: Այսօր էլ Թուրքիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ «տեղահանության» ժամանակ հայերի մահը չի կարող «ցեղասպանություն» համարվել։ Իր հիմնադրումից ի վեր՝ «Ասադաքահ»-ն ամեն կերպ պայքարել է Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և եվրոպական պետությունների կողմից այդ սարսափելի ցեղասպանությունը ճանաչելու համար»,- ասված է ուղերձում։

Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հերթին նշել է, որ 109 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային ողբերգության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը, քանի որ Օսմանյան կայսրությունը կազմակերպեց և իրականացրեց մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ կոտորածը կայսրության տարածքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ