Դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են․ ԲԴԽ նախագահ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

ԲԴԽ

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են: Հարցազրույցից որոշ հատվածներ՝ ստորև․

«-Պարո՛ն Հարությունյան, դուք  չմասնակցեցիք ՀՀ կառավա­րու­թյունում մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ի՞նչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասին։

-Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:

Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ է իրականացնել          սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու    դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ:

-Սակայն այսօր խոսքը վիրահատական միջամտության մասին է։

-Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:

-Իսկ կարևոր չե՞ք համարում, թե ինչ ձևով ու եղանակներով պետք է դա իրականացվի։

-Բնականաբար, դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ չհամարելով առանձին թվար­կել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բոլոր համարժեք հոդվածները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորու­թյուն­ները, պետք է արձա­նագրել, որ ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտան­գավոր նախադեպ՝ հղի բազ­մաթիվ բացա­սական, ընդհուպ՝ անշտկելի հե­տևանք­ներով»։

Տեսանյութեր

Live

Լրահոս