Վրաստանի իշխանությունը գնացել է զիջման․ Սահակաշվիլին կոչ է արել շարունակել ցույցերը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 24, 24News

1

«Ria.ru» գործակալությունը գրում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան տեսաուղեչձի ժամանակ կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը որոշել է 2020 թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։

Ըստ Սահակաշվիլիի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատանքից ազատի ներքին գործերի նախարարին, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, անհապաղ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություն նշանակի, պաշտոնից ազատի ԿԸՀ-ի նախագահին:

Ըստ Վրաստանի սահմանադրության՝ 2020 թ. երկրում պետք է կայանային խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024 թ.՝ համամասնականով: Բողոքի ակցիաների մեկնարկը տրվել է հունիսի 20-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ է կիրառել: Ցույցերի ընթացքում հաղորդվել է մի քանի տասնյակ տուժածի մասին: