Դատախազները հանդիպել են հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

Դատախազություն

Դատախազները հանդիպում քննարկումներ են անցկացրել  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ ուսումնական հաստատությունների աշակերտների հետ:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող՝ անչափահասների կողմից կամ մասնակցությամբ իրավախախտումների,  հանցագործությունների կանխարգելման, դրանց ծնող պատճառներն ու պայմանները վերացնելուն, մատաղ սերնդի մոտ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանն ուղղված քրեական քաղաքականության համատեքստում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումները շարունակում են տարեկան ծրագրերով նախատեսված՝ հանցավորության դեմ պայքարում անչափահասների հետ տարվող ակտիվ աշխատանքները:

Այդ շրջանակներում, մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախաձեռնությամբ նախորդ օրերին նշված վարչական շրջանների դատախազության դատախազները Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ոստիկանության բաժինների անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժանմունքների ծառայողների հետ հանդիպումների շարք են անցկացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործող մի շարք ուսումնական և հատուկ հաստատություններում:

«Քաղաքացու իրավաչափ վարքագիծը՝ որպես պետության զարգացման նախապայման», «Քաղաքացին՝ որպես իրավունքների և պարտականությունների կրող», ինչպես նաև «Իրավունքի գերակայությունը՝ որպես պետության զարգացման հիմք» խորագրերի ներքո հանդիպում-քննարկումներ են կայացել Երևանի թիվ 54 ավագ դպրոցի, Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի, «Հայ-չինական բարեկամության» դպրոցի աշակերտների և ուսուցչական կոլեկտիվների ներկայացուցիչների հետ: Դրանց ընթացքում անդրադարձ է կատարվել  առաձնակի կարևորության այնպիսի հարցերի, ինչպիսիք են օրինակ՝ իրավունք և պարտականություն հասկացությունների բովանդակությունը և դրանց ազդեցությունը մարդու  կամ նրա վարքագծի նկատմամբ, իրավունքի և օրենքի դերը՝ որպես քաղաքացու վարքագծի կարգավորիչ և դրանց արժեքը հասարակության և պետության համար, իրավունքի գերակայությունը՝ որպես հիմնարար սահմանադրական սկզբունք:

Դատախազների և ոստիկանության ծառայողների կողմից առանձին այցելություն է կատարվել նաև նշված  վարչական շրջանում գործող «Զատիկ» մանկատուն: Սաների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիների իրավաչափ վարքագծի կարևորությանը, հասարակական հարաբերություններում իրավունքի և օրինականության ապահովման անհրաժեշտությանը, օրենքի հանդեպ վերաբերմունքին, պատասխանատվության անխուսափելիության, իրավաընկալմանը վերաբերող խնդիրներին:

Բոլոր հանդիպումների ընթացքում դատախազների կողմից շեշտադրում է կատարվել հատկապես հանցավոր վարքագծի ձևավորման կրիմինոգեն գործոնների, անչափահասներին իրավախախտման մղող բացասական ազդակների ազդեցությունից զերծ մնալու անհրաժեշտության վրա: Աշակերտներն իրազեկվել են հանցավոր արարքների կատարման քրեիրավական հետևանքների, անչափահասներին քրեական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, քրեական դատավարության շրջանակներում նրանց իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին:

Հանդիպումներն ընթացել են ակտիվ երկխոսության ձևաչափով, որոնց ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել, մասնավորապես, մեղադրանքի, քրեական իրավունքի և քրեական դատավարության, հանցավորության դեմ պայքարում քաղաքացու և հասարակության դերակատարության և այլնի վերաբերյալ:  

Կարևորելով նման քննարկումների կանխարգելիչ և կրթադաստիարակչական նշանակությունը՝ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք պարբերական դարձնելու վերաբերյալ: