ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր երաշխավորներից մեկը Ֆրանսիան է․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

մակրոն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից մեկը Ֆրանսիան է: Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,-ասել է Մակրոնը, ապա հավելել, որ շփումների մեջ է և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ֆրանսիան պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի՝ շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որոնք գրանցվում են վերջերս տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ»,-ասել է Մակրոնը:  

Նշենք նաև, որ միջոցառմանը պատվավոր հյուրի կարգավիճակում ներկա է եղել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչաց թուրք պատմաբան Թաներ Աքչամը։