Դանակահարություն՝ Նավուր-Չինչին ավտոճանապարհին․ կասկածյալը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Ապրիլի լույս 6-ի գիշերը «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Նուվար գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Նավուրից Չինչին գյուղ տանող ճանապարհից։

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ ստացան, որ դեպքը տեղի է ունեցել հենց Նավուրից  Չինչին տանող ճանապարհին։ Ոստիկանները շուտով հայտնաբերեցին դեպքի վայրը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Պարզվեց, որ մի խումբ անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճել են։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը դանակահարել է 30-ամյա տղամարդուն։ Դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։

Կատարվածից ժամեր անց Տավուշի ոստիկանները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 23-ամյա կասկածվողին։ Նավուր գյուղում բնակվող երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս