Փախստական հայուհու լուսանկարը ճանաչվել է Տարվա լավագույն լուսանկարներից մեկն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

եվա

World Press Photo միջազգային հեղինակավոր մրցույթի կազմակերպիչները հայտարարել են 2019 թվականի լավագույն լուսանկարների համար մրցանակի դափնեկիրներին:

«Դիմանկարներ» անվանակարգում տարվա լավագույն լուսանկար է ճանաչվել լեհ լուսանկարիչ Տոմեկ Կաչորի «Զարթոնք» լուսանկարը, որում պատկերված է պատանի հայուհին:



Լուսանկարի հերոսուհին 15-ամյա Եվան է, որը անվասայլակով նստած է լեհական Պոդկովա-Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում: Լուսանկարում Եվան դուրս է եկել կատատոնիկ վիճակից: Կատատոնիկ վիճակը հոգեկան խանգարման սինդրոմ է, որը պացիենտներին դարձնում է պասիվ, անշարժ, համր, ուտելու և խմելու անընդունակ, ֆիզիկական խթանների հանդեպ անընկալունակ: Համախտանիշը տարածված է փախստականների երեխաների շրջանում:



Եվան ընտանիքի հետ Լեհաստանում գտնվում էր փախստականի կարգավիճակով. աղջկա մոտ համախտանիշը նկատվել է այն ժամանակ, երբ ընտանիքը փորձել է Շվեդիա տեղափոխվել փախստականի կարգավիճակով: 8 ամիս անց աղջիկը վերականգնվել է: