Լիլիթ Սահակյանն ընտրվել է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

գաա

Ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվել է աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը: Այդ մասին տեղեկացնում է ԳԱԱ լրատվական ծառայությունը:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը  շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում նա հեղինակել է 120 գիտական աշխատություն, որոնցից 5 կոլեկտիվ մենագրություն, 3 գիտամեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված:

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979 թ.-ին Երևանում:  2000 թ.-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, 2002 թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գեոէկոլոգ մասնագիտացմամբ: 2008 թ.-ին ստացել  է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

1999 թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, ապա նույն բաժնի ղեկավար 2010-2017 թթ.-ին: 2014 թ.-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն էր:

2010 թ.-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները:

Լիլիթ Սահակյանը ՀՀ նախագահի բնական գիտությունների բնագավառում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիր է:

Տեսանյութեր

Live

Լրահոս