ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ապրիլի 30-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ այտի, պարանոցի շրջանի սալջարդ վերքեր, ծնկների քերծվածքներ, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ, կողի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրել էր, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Ժամեր անց հիվանդանոցից ոստիկանություն ստացվել է երկրորդ ահազանգը։ Հայտնել են, որ «աջ ձեռքի լաթաձև վերք, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 56-ամյա մի տղամարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում ընկնելու հետևանքով:
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 30-ին՝ ժամը 22.30-ի սահմանում, Արմավիր քաղաքի «Կապույտ կամուրջ» կոչվող տարածքում հիվանդանոց տեղափոխվածները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24-ամյա մի երիտասարդի հետ։ Արդյունքում վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդկանց ու նրանցից մեկին պատկանող «ԳԱԶ-24» ավտոմեքենայով, առանց սեփականատիրոջ համաձայնության, հեռացել է դեպքի վայրից:
Մայիսի 1-ին՝ ժամը 06.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում և փաթեթավորվել` փորձաքննության ուղարկելու համար:
Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան և տեղափոխվել բաժնի պահպանվող հատուկ տարածք: