Արցախի Ազգային ժողովը խումբ է ուղարկել Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

․

Օրերս ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը  աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր:

Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական  ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ռուս հանրաճանաչ լրագրող Սեմյոն Պեգովի հետ։

 ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ  քննարկել են ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Խոսվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով թշնամու  վերահսկողության տակ հայտնված հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին: Դմիտրի Սաբլինը ողջունել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած «Լեզվի մասին» օրենքի նախագիծը՝  կարևորելով  այն որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ: Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրեր իրագործելու նախնական պայմանավորվածություն է  ձեռք բերվել։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ հանդիպման ժամանակ  քննարկվել է  հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների՝ ՌԴ լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստվելուն առնչվող հարցեր։

Արամ Հարությունյանը ներկայացրել է հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ, որոնց մեծ մասին հասցեական  լուծում է տրվել:

Աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ պատգամավորը  հանդիպել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի հետ, փոխհամագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվել, քննարկել Մոսկվայում և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև հարթակ ձևավորելուն ուղղված հարցեր:

--00--ԱՀ