Փաշինյանի հետ հանդիպել է Շուռնուխի 3-4 տան բնակիչ՝ 14-15 անձ․ համայնքի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

Հասարակական

Երեկ Սյունիքում ընթացող քարոզարշավից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շուռնուխցիների հետ, որի ընթացքում բնակիչները իրենց մտահոգություններն են հայտնել, հողերը չսեփականաշնորհելու, գյուղտեխնիկայի համար ուղարկված գումարներն իրենց չտրամադրելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գյուղացիների այն դիտարկմանը, թե հողերը սեփականաշնորհված չեն, պատասխանել է, որ հողերը չեն սեփականաշնորհվել, որովհետև իմացել են, որ հնարավոր է տան Ադրբեջանին, քանի որ 2010 թվականին օրենք են ընդունել, որ սահմանն անցնում է այստեղով:

24News-ը զրուցեց Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանի հետ, վերջինս նշեց, որ հանդիպման մասին ինքը տեղյակ չի եղել, սակայն նախապես պայմանավորվածություն եղել է:

Նրա փոխանցմամբ՝ վարչապետի հետ հանդիպել է Շուռնուխի 3-4 տան բնակիչ՝ 14-15 անձ: 

«Գյուղացիներից մեկն ասում է հողերը չեն սեփականաշնորհում՝ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ ադրբեջանինն է եղել դրա համար չեն սեփականաշնորհել, բայց նման բան չկա: Մեր հողամասը գտնվում է գյուղի վերևի մասում, ուղղակի նախկինում չափագրումը պետության կողմից պետպատվերի շրջանակում չի արվել, հետո չափագրման կազմակերպությունները դարձել են մասնավոր և գյուղացին չի ցանկացել գումար տալ: Մեկ շաբաթ է արդեն չափագրման գործընթացը ընթանում է։ Համայնքապետարանը բերել է գեոդեզիստին և այն մարդիկ, որոնք բողոքում են, իրենց խնդրում եմ գեոդեզիստի հետ չափելու գնան, չեն գնում, ես եմ գնում: Դա այն թեման չէր, որը պետք է այնտեղ բարձրաձայնեին, քանի որ գիտեին, որ համայնքապետն այդ գործն անում է: Եթե Փաշինյանը պատկերացներ թե հողի դիրքը որտեղ է գտնվում, նման բան չէր ասի, իր ասելով, եթե մեր հողերը տալիս ենք ուրեմն՝ Տաթև համայնքը, Կապանի գյուղերը պետք է սահման դառնան: Այսինքն՝ գյուղն ամբողջությամբ ադրբեջանցիներինն է, Կապանից այս կողմ պետք է սահմանամերձ դառնար: Հավանաբար ուղորդված հարցեր են եղել, չեմ հասկանում ինչու էր նման բան կազմակերպվել»,- նշեց նա

Խոսելով գյուղին ուղարկված օգնության մասին, համայնքի ղեկավարն ասաց, որ ուղարկված բոլոր գումարները փոխանցվել են կոոպերատիվին, որից փոխանցվել է էկոնոմիկայի նախարարություն՝ 20 տոկոս գյուղտեխնիկա ձեռքբերելու համար:

«Գերմանիայից մեկ միլիոն դրամ իմ ընկերն է ուղարկել, մեկ ընտանիքը 2 մլն դրամ է փոխանցել, քաղաքապետարանը մոտ 1 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել: Գյուղտեխնիկան արդեն բերվել է, բայց կցամասերը դեռ չկան, էկոնոմիկայի նախարարությունը պետք է գումար փոխանցի, որ կցամասերը վերջնականապես տեղ հասնեն: Կամ, վարչապետին ասում են, որ գյուղապետը գյուղապետարանում է ապրում, բայց գյուղապետը որտե՞ղ մնա։ Եթե դեկտեմբեր ամսին գնայի Գորիսում ապրեի, 170 հոգի զինված ջոկատին ո՞վ տիրություն կաներ: Պատերազմի ընթացքում գյուղապետարանը շտաբ է եղել, ես քնել եմ շտաբում, ոչ թե գյուղապետարանում»,- ավելացրեց նա: