Դանիբեկյանը մերժել է Ալեն Սիմոնյանի՝ Արմեն Գեւորգյանի համար միջնորդությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ալեն Սիմոնյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ արել է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հայաստանյան պատվիրակության կազմում` իր գործընկերների հետ, մեկնի Ստրասբուրգ, մասնակցելու ԵԽԽՎ հերթական նստաշրջանին, սակայն դատարանն արգելել է պատգամավորին Հայաստանից հեռանալ։

Հայտնի է` Արմեն Գեւորգյանն անցնում է քրեական գործով, եւ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Մենք անդրադարձել ենք այս խնդրին, որ ընդդիմադիրները զրկվում են գործուղումների մեկնելուց։ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ԱԺ նախագահը հատուկ գրություն է պատրաստել եւ միջնորդել դատարանին, որ թույլատրեն Գեւորգյանի մեկնումը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է։ Հայկ Մամիջանյանն էլ, գործընկերային համերաշխությունից ելնելով, հրաժարվել է այդ գործուղումից։

Պարզ է, որ դատավորն ինքնուրույն չի կայացրել այդ որոշումը: Մնում է պարզել, թե նրան հանձնարարություն տված անձն ինչու չի կանխել ԱԺ նախագահի՝ միջնորդություն ներկայացնելու քայլը, եւ ինչու են դատավորին դնում նման ծանր վիճակի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ