Բաքվում տեղի է ունեցել 2 հայ զինծառայողի գործով հերթական դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատախազի եզրակացությամբ՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյան 2021 թվականի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:

Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «ահաբեկչության», «պետական սահմանի ապօրինի հատման» համար:

Ամբաստանյալ Իշխան Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները և հետևել է հրամանին»։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սարգսյանն իբր ասել է, թե Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման է եղել»։

Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։

--00--ԱՀ