Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը. Իսրայելից պատասխանել են Էրդողանին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ֆֆ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն անդրադարձել է Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու որոշմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կացն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում: 

«Էրդողանը խախտում է պայմանավորվածությունները՝ արգելափակելով նավահանգիստները Իսրայելից ներմուծման և արտահանման համար։ Ահա, թե ինչպես է իրեն պահում բռնապետը՝ արհամարհելով թուրք ժողովրդի և գործարարների շահերը, անտեսելով միջազգային առևտրային համաձայնագրերը»,–ընդգծել է նախարարը:

Նա հավելել է՝ հանձնարարել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին անհապաղ կառավարության բոլոր համապատասխան կողմերի հետ զբաղվել Թուրքիայի հետ առևտրին այլընտրանքներ գտնելով՝ կենտրոնանալով տեղական արտադրության և այլ երկրներից ներմուծման վրա։ 

«Իսրայելը դուրս կգա հզոր և համարձակ տնտեսությամբ: Մենք հաղթում ենք, իսկ նրանք կորցնում»,–շեշտել է Իսրայելի արտգործնախարարը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան մայիսի 2–ից դադարեցրել է Իսրայել արտահանումները և ներմուծումներն Իսրայելից: Թուրքիան, սակայն, պաշտոնապես չի հայտարարել այդ մասին:

--00—ՍՊ