Ինչո՞ւ չի աշխատում «Ինեկոբանկի» վճարային համակարգը․ Radar Armenia

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

տռռեգտեռգ

Հունվարի 25-ից առ այսօր «Ինեկոբանկի» օգտատերերը շարունակում են բողոքել և դժգոհություններ հայտնել բանկի աշխատանքից։ Այս մասին հայտնում է Radar Armenia-ն։

10-րդ օրն է՝ տեխնիկական խնդիրների պատճառով բանկի հաճախորդները չեն կարողանում էլեկտրոնային եղանակով վճարումներ կատարել և գործարքներ իրականացնել։

Ավելի վաղ՝ հունվարի 20-ին, «Ինեկոբանկը» տեղեկացրել էր, որ ծրագրային թարմացում է նախատեսվում. «Այսուհետ բոլոր գործարքների հաստատումը կատարվելու է անմիջապես ներքին համակարգից, ինչի պատճառով հունվարի 21-25-ը անհասանելի կլինեն բանկոմատները, տերմինալները և կսահմանափակվի գործարքների հնարավորությունը»: Բանկը հավելում էր, որ թարմացման արդյունքում ներդրվելու էր սեփական գերժամանակակից պրոցեսինգային կենտրոն, ինչը նոր թվային լուծումներ մշակելու հավելյալ ճկունություն և արագություն պետք է ընձեռեր։

Սակայն խնդիրն այսօր էլ լուծված չէ, ինչի պատճառով բանկի հաճախորդները համացանցում, մասնավորապես, բանկի ֆեյսբուքյան էջում վրդովմունքն են հայտնում՝ սպառնալով հրաժարվել վերջինիս ծառայություններից։ Օգտատերերը նշել են, որ բացի տեխնիկական խնդիրներից, բանկը համառորեն շարունակում է չպատասխանել հեռախոսազանգերին և նամակներին, մինչդեռ պարտավոր է հասանելի լինել 24/7 ռեժիմով։

Բանկի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը դժգոհել է. «Զանգեցի մի քանի օր առաջ, մի քանի անգամից հազիվ ստացվեց, ասացին տեղյակ են խնդրին, մի օրում կլուծվի։ Արդեն համարյա 1 շաբաթ է՝ խնդիրը լուծված չի։ Վերջին երկու օրն էլ հիմնականում չի լինում իրենց զանգել ընդհանրապես»։ Մեկ այլ օգտատեր նշել է, որ փոխանցում է կատարել, որը երկրորդ օրն է, ինչ գտնվում է սպասման մեջ, իսկ զանգերը և նամակները մնում են անպատասխան. «Բացի այդ, նորմալ չէ, որ հստակ օր չեք ասում, թե երբ կկարգավորվի այս քաոսը»։ Հաճախորդներից մեկը հայտնել է, որ վատ աշխատանքի համար պատրաստվում է փոխել բանկը»։ 

Առաջացած տեխնիկական խնդիրներին բանկը վերջին անգամ անդրադարձել է հունվարի 28-ին՝ հայտնելով, որ հնարավոր ամեն ինչ արվում է ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար՝ հավաստելով, որ աշխատակիցները հնարավորինս շուտ կարձագանքեն և կփորձեն պարզել խնդրի պատճառը։ Սակայն, փաստորեն, խնդիրն առ այսօր լուծված չէ։

Radar Armenia-ն փորձեց կապ հաստատել «Ինեկոբանկի» հետ՝ խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, սակայն այդպես էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին։

--00--ՍԳ