Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու․ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ադրբեջանի նախագահը հերթական «խաղաղասիրական» ելույթն է ունեցել, որտեղ հնչեցվել են հետևյալ հիմնական թեզերը` Ադրբեջանը հաղթող պետություն է, Հայաստանը` պարտված։ Բոլորը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։ Հայ-ադրբեջանական շփումների հիմքում հենց այդ գործոնն է ընկած։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Մինսկի խումբը ավարտել է իր գործունեությունը։

Հայաստանը պետք է համակերպվի, որ չկա Լեռնային Ղարաբաղ և չկա կարգավիճակի հարց, կա ղարաբաղյան շրջան, Բրյուսելում դա արձանագրվեց։

Ադրբեջանցիները դարերով ապրել են Զանգեզուրի արևելքում և արևմուտքում։ Այս տարածքներն անարդարացիորեն կտրվել են Ադրբեջանից և հանձնվել Հայաստանին։

Երևանը ևս կտրվել է և հանձնվել հայերին։ Դա անթույլատրելի հանցանք էր։

Մենք շարունակելու ենք հզորացնել մեր ռազմական ներուժը, քանի որ աշխարհում հարցերը լուծվում են ուժով։

Հ.Գ. Հստակ էր և կանխատեսելի, որ Ալիևը այսպես է պատասխանելու հայկական կողմի հետքայլերի քաղաքականությանը և Արցախի հարցում նշաձողի իջեցմանն ուղղված վտանգավոր գործելաոճին։ Ադրբեջանի կողմից եկող ճնշումն ու տարածքային նոր նկրտումները գնալով ավելի են ուժեղանալու։ Ուստի ինքնախաբեությամբ զբաղվելով և կեղծ «խաղաղություն» կառուցելով՝ մենք հերթական անգամ անպատրաստ ենք լինելու դիմակայել մեր մարտահրավերներին»։

--00--ԱԱ

Տեսանյութեր