«Մանդատը վերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեմ»․ ո՞ւմ պետք է փոխանցվի Ղազինյանի մանդատը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

քաղաքական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշման մասին։

Ցուցակում նրան հաջորդելու է «Հայաստան» դաշինքի 34 համար Արգիշտի Գևորգյանը, որը Հայ Հեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի անդամ է։ 

«Մանդատը վերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեմ։ Արթուր Ղազինյանն էլ դեռ ժամանակ ունի, կսպասեմ մանդատից հրաժարվելու պրոցեսը կավարտվի, հետո կորոշեմ», - 24News-ին ասաց Գեւորգյանը։

Մանդատը վայր դնելու որոշման մասին իր տեքստում Ղազինյանը նշել էր, որ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իր հետագա աշխատանքն այլևս չի պատկերացնում։ ««Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որն ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին», - նշել էր նա։

--00--ՏՏ