Արայիկ Հարությունյանը ցանկացել է հեռանալ՝ թողնելով իշխանությունը Ռուբեն Վարդանյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

օ

Մոտ երկու շաբաթ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումները, որի հետևանքով նախագահական համակարգից անցում էր կատարվում վարչապետական կառավարման սիստեմի, չեղյալ են հայտարարվում։ Այս տեղեկատվությունը Հայաստանի լրատվական ու քաղաքական կյանքում չունեցավ առանձնապես մեծ հնչեղություն, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն, այն կոնկրետ վիժեցվել է, որով փաստացի չի ստացվել Հարությունյանի մտադրությունը՝ թողնել իշխանությունը Ռուբեն Վարդանյանին ու անցնել «վաստակած հանգստի»։

Ընդ որում, թե՜ Վարդանյանը և թե՜ Արայիկ Հարությունյանը այս հարցը համաձայնեցրել էին Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն, պաշտոնական Երևանի հետ որևիցե խնդիր չկար, նրանք շարունակում են սպասարկել քպ-ական իշխանության քաղաքականությունը Արցախում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրականում այս գործընթացը վիժեցվել է հենց Արցախում, որին ակտիվորեն մասնակից է դարձել «Առաջ Արցախ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Հայրապետյանը, որը նաև Սուրեն Պետրոսյանի ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության արցախյան թևի ներկայացուցիչն է։

գ

Չնայած վերջինս փորձեց իր կուսակցական պատկանելիությունը չկապել տեղի ունեցած գործընթացների հետ, բայց, այնուամենայնիվ, 24News-ի հետ զրույցում նշեց. Նախ ասեմ, որ, ինչ վերաբերում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությանը, ապա կուսակցությունը չի մասնակցում Արցախի ներքաղաքական կյանքին, միևնույն ժամանակ գիտեք, որ ես կուսակցության Արցախի ներկայացուցիչն եմ, հետևաբար այս գործընթացի շրջանակներում գաղափարական առումով որևէ հակասություն չկա ու չի եղել։

Խնդիրն այն է, որ ի սկզբանե, հանրության գերակշիռ մեծամասնությունը բացարձակ ծանոթ չի եղել Սահմանադրական փոփոխության առաջարկի բովանդակությանը, դեռ ավելին, խիստ կասկածելի կերպով շարունակվել է նախագիծը լուռ պահելու մոտեցումը։ Իրականում, համաձայն գործող իրավակարգավորման, սահմանադրությունում հիմնական նորմերը կարող են փոփոխվել միայն ժողովրդի կողմից՝ հանրաքվեով, իսկ նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է Ազգային ժողովին տալ Սահմանադրության ցանկացած հոդված փոփոխելու բացառիկ լիազորություն (բացառությամբ Սահմանադրության 175-րդ հոդվածի)։

Այս ընթացքում ես՝ «Հայկի Սերունդ» ՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանի հետ միասին, հանդիպումներ եմ ունեցել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ինչպես նաև նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպումների նպատակն է եղել տեղեկանալ՝ պետական նման ինստիտուտներ ղեկավարող մարդիկ ինչ կարծիք ու մոտեցում ունեն այս գործընթացի վերաբերյալ։ Խնդրել ենք հանրային կերպով ասել՝ կողմ են, թե դեմ այս պրոցեսին։

Բոլորի հետ խոսակցության ընթացքում հայտնել ենք, որ այս ձևով ժողովրդին զրկում են Սահմանադրությունը անմիջականորեն փոփոխելու հնարավորությունից, իսկ սա նշանակում է, որ սահմանադրական իշխանությունն այլևս ժողովրդին չի պատկանում և կամայականությունների ու քաղաքական ցանկությունների, ինչպես նաև իշխանության զավթման համար իրավական պայմաններ են ձևավորվում, որոնք սահմանադրությունը մի խումբ անձանց սեփական նպատակներին հարմարեցնելու ձգտում ունեն: Առհասարակ, այս շրջանում, գոյաբանական այսպիսի լրջագույն սպառնալիքների առկայության պայմաններում անթույլատրելի է ընտրությունների թեման քաղաքական օրակարգ դարձնելը։

Եվ հարց է առաջանում, եթե Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերը անկեղծ ու ազնիվ առաջարկներ ունեն, ապա ինչն է խանգարում նրանց դրանք ներկայացնել հանրությանը և հիմնավորել այդ առաջարկների անհրաժեշտությունը: Իհարկե, Արցախում գործող Սահմանադրությունն անթերի չէ, բայց Արցախի կենսունակությունն այս պայմաններում կառավարման մոդելից չի կախված, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս պայմաններում այն չափազանց լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Գոյություն չունի Սահմանադրության որևէ մոդել, որը կարող է երկիրը զերծ պահել կանխատեսելի ու անկանխատեսելի մարտահրավերներից ու վտանգներից:

Երբ ԱՀ Գերագույն դատարանը Ազգային ժողովի կողմից ներկայացված Սահմանադրության փոփոխության նախագիծը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող, և մենք ունեինք տեղեկություն, որ դեկտեմբերի 17-ին նախատեսվում է շատ արագ իրականացնել հանրաքվե, այս գաղափարին միացան և իրագործեցին ավելի քան 23 հասարակական կազմակերպություններ, միացան նաև տարբեր շահագրգիռ կողմեր, քաղաքական դերակատարներ, քաղաքական, հասարակական գործունեություն ծավալող անհատներ, ինչը մեր կողմից ողջունելի է։

Ի վերջո, փաստացի մեզ հաջողվեց ոչ միայն ձևավորել հանրային պահանջ և բարձրաձայնել, այլև հանրային կարծիքի ճնշման տակ հնարավոր եղավ բեկել թվացյալ որոշված իրողությունների ընթացքը», - հայտնեց Հայրապետյանը։

--00—ԱՊ