Ֆրանսիայում ներկայացվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

արցախ

Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հեղինակավոր Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար, կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) շրջափակում. Արդյո՞ք ուժը գերակա է իրավունքի նկատմամբ» խորագիրը կրող համաժողով։ Տեղեկանում ենք Ֆրանսիայիում ՀՀ դեսպանությունից։ 

Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի հետազոտող և լրագրող Տիգրան Եգավյանը, «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet), միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Փարիզի փաստաբանական պալատի անդամ Ֆրեդերիկ Ֆորգը (Frédéric Forgues)։ Համաժողովը վարում էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պատմաբան, Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարանի դասախոս Արամ Մարտիրոսյանը։

Բանախոսները համաժողովի մասնակիցներին ներկայացրեցին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, մարդասիրական և իրավական ասպեկտներով դիտարկեցին Ադրբեջանի կողմից պետական մակարդակվող վարվող հայատյացության և Արցախի հայերի նկատմամբ տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, քննարկեցին աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ուղղակի և անուղղակի ազդեցությունը Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վրա, ընդգծեցին միջազգային հանրության հստակ և հասցեական գործողությունների կարևորությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու և արցախահայությանը էթնիկ զտման վտանգից պաշտպանելու նպատակով։

Համաժողովի մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի դասախոսներ և ուսանողներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

--00—ՍՊ