Առնուվիլում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆհ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որը տեղի ունեցավ քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի և Հայոց ցեղասպանության զոհ դարձած, վերապրած և Հայոց ցեղասպանության հիշողությունը սերունդներին փոխանցած հայ կանանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև։ Տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներից հետո հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ծաղկեպսակներ խոնարհեցին Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, քաղաքային խորհրդի անդամները, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, տեղի հայ և ասորի համայնքային կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, համայնքային կառույցների անդամներ։

g

Միջոցառմանը մասնակցում էին նաև Առնուվիլի հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հովիվները, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները, Հրանտ Դինքի անվան Առնուվիլի հայկական դպրոցի, Նուռ վարժարանի և Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի սաները, տեղի բնակիչները։

--00—ՍՊ