Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ակներև դրսևորվում է 120 000 արցախցիների մեկուսացմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ցեղասպանության

Ապրիլի 19-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահի, բազմաթիվ քաղաքապետեր, նահանգային և տեղական իշխանությունների մասնակցությամբ։ Տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ 

Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր: Ադրբեջանի կողմից անթաքույց կերպով իրականացվող ռազմատենչ և հայատյաց քաղաքականությունը, արդեն շուրջ 130 օր շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման միջոցով արտաքին աշխարհից Արցախի մեկուսացմամբ 120 000 արցախահայ բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը դրա ակներև դրսևորումներն են:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան դեպարտամենտի նախագահը, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ Դելֆին Կույումջյանը, ինչպես նաև ընթերցվեցին Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության և Զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոն ուղերձները:

Արարողությանը ներկա էին և ծաղկեպսակներ զետեղեցին նաև Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ, Շարանտոն-լը-Պոն քաղաքի դպրոցի սաներ։

--00—ՍՊ