Արցախցին ամեն փողոց ելնողի հետևից բա կգնա՞, ոնց են միջանցք հասնելու էդքան պոստերով․ Հին Շենի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Ս

Արցախը շարունակում է շրջափակված մնալ ու ենթարկվել Ադրբեջանի կողմից իրականացվող հալածանքներին։ Չնայած Ադրբեջանի կողմից վարվող ոչ մարդկային քաղաքականությանը Արցախում՝ արցախցու կամքն անկոտրուն է, իսկ տեսակը՝ պայքարող։ Այս ամենի վառ ապացույցը Արցախում շրջափակված, այն էլ երկկողմանիորեն բլոկադայի մեջ գտնվող Հին Շեն գյուղի բնակիչներն են։ Բացի Հին Շենից, շրջափակման մեջ են նաև Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր գյուղերը։ 24News-ը զրուցել է Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ։

7 ամիս շրջափակման մեջ գտնվող գյուղի ղեկավարը դեռ հույսը չի կորցնում, թեև ասում է, որ գոյատևում են, բայց հավատը սրտում ապրում է, որ մի օր կրկին ճանապարհը բաց է լինելու ու իրենց առօրյա հոգսերով են լինելու։

Սամվել Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է, որ Ստեփանակերտում հարյուրավոր քաղաքացիներ քայլելով գնում են դեպի Հաակարիի կամուրջ՝ բացելու փակված «կյանքի ճանապարհը»․ «10-11 բլոկ-պոստ պիտի անցնեն, իրենց ո՞վ է թողնելու հասնեն էստեղ։ Ամեն փողոց դուրս եկողի հետևից կգնա՞ն, կլսե՞ն, առաջնորդ է պետք, թեկուզ ղեկավարությունից, կուսակցություններից»։

Հարցին, եթե այդ առաջնորդները չկան, ձեռքները ծալած պիտի նստե՞ն, թե՞ փորձեն ինչ-որ գործողությունների գնալ, համայնքի ղեկավարն ասաց․ «Ինձ թվում է՝ չի ստացվելու, էդ պոստերով չեն կարողանալու անցնեն»։ Ճշտում ենք՝ խաղաղապահնե՞րը թույլ չեն տա անցնել․ «Դե, ինչի՞ մենակ խաղաղապահները, 2 հատ թուրքի պոստ պիտի անցնեն, մի 10-11 հատ ռուսի, 1 հատ հայկական պոստ։ 60 կմ է էնտեղից մինչև Հաակարիի կամուրջ, ինչո՞վ պիտի հասնեն, ո՞նց պիտի հասնեն, չգիտեմ․․․»,- ռեալ գնահատելով իրավիճակը՝ պատասխանում է Սարգսյանը։

Հին Շենի ղեկավարը պատմեց, որ դեռևս ապրում են նաև հայրենատեր այն մարդկանց շնորհիվ, ովքեր անձնական միջոցներով անում են ամեն հնարավոր ու անհնարին բան՝ օգնելու շրջակաման մեջ գտնվող Արցախին․ «Ճիշտն ասած, մեր բերք ու բարիքն էլ հասել է արդեն, դրանցով գոյատևում ենք։ Ալյուր կա, վերջերս Կարմիր խաչն էլ սնունդ բերեց հասցրեց, դեղորայք էլ կա, փառք Աստծո, շնորհակալ ենք մեր ժողովրդին՝ 1 ամիս առաջ դեղորայք են ուղարկել Հայաստանից։ Մեր լավ ընկերները, երիտասարդները գումար են հավաքել մոտ 600-700 հզ․ դրամ, դեղորայք են գնել ուղարկել մեզ»։

Հետաքրքրվում ենք, թե էլ ի՞նչ խնդիրներ կան գյուղում, օրինակ՝ ոռոգման ջրի, գազամատակարարման, Սարգսյանը արցախցուն բնորոշ տոկունությամբ ասում է, որ խնդիրները թեև շատ են, բայց իրենք ժամանակին շատ ավելի դժվար ճանապարհ են անցել, հիմա իրենց ոչինչ չի կոտրի․ «Արտիզան ունենք, ջրամբար ունենք, որ ջուրը կուտակում ենք, հետո 1 կամ 2 անգամ բաց ենք թողնում, ոռոգում այգիները։ Գազը մենք դե անցած տարվանից չունենք, հոսանքն էլ հովարային անջատումներով է աշխատում՝ օրը 3 անգամ անջատում են 2 ժամով, 4 ժամ էլ հոսանք են տալիս, դեռ գոյատևում ենք։ 80-90-ականներին ավելի դժվար էր, ո՛չ գազ կար, ո՛չ լույս, վառելիք չէինք կարողանում գտնել, կենցաղ չկար, սնունդ չկար, Փառք Աստծո հիմա էլի ինչ-որ բաներ կան, սա էլ կանցնենք, նոր արշալույս կբացվի»։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ