Ռիշի Սունակը ողջունել է, որ Իսրայելը թույլ է տվել հումանիտար մատակարարումների մուտքը Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

տ

 Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Սունակը Նեթանյահուին հայտնել է, որ Բրիտանիան լիովին աջակցում է Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իրեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցների առջև ելույթում Ռիշի Սունակը ողջունել է այն, որ Իսրայելը համաձայնել է թույլ տալ հումանիտար մատակարարումների մուտքը Գազա։

«Մենք հասկանում ենք, որ պաղեստինցիները նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհերն են, այդ պատճառով ողջունում ենք ձեր որոշումը, որ ընդունել եք երեկ (խմբ․՝ հոկտեմբերի 18-ին)՝ ապահովելու, որ բացվեն դեպի Գազա ճանապարհները և հումանիտար օգնություն մուտք գործի այնտեղ․․․ Մենք ցանկանում ենք, որ դուք հաղթեք», - ասել է Սունակը՝ շեշտելով, որ Բրիտանիան կանգնած է Իսրայելի ժողովրդի կողքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը համաձայնություն են ձեռք բերել, որ Գազայի և Եգիպտոսի սահմանային «Ռաֆահ» անցակետով շուրջ 20 բեռնատար մտնի Գազայի հատված։

Իսկ Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը Բրիտանիայի վարչապետը  ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ի հարձակումն անվանել է «ահաբեկչության բարբարոսական գործողություն», որն իրականացվել է ահաբեկչական կազմակերպության կողմից։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։

Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 3700-ը։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։

Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։

--00—ԼՀ