Կաշառք չկա, բարեկամին տենդեր նվիրել չկա, ՔԿ-ն թող ասի՝ ի՞նչ է չարաշահել իմ տեղակալը. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Կաշառք չկա, բարեկամին տենդեր նվիրել չկա, ՔԿ-ն թող ասի՝ ի՞նչ է չարաշահել իմ տեղակալը: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից իր ղեկավարած գերատեսչությունում իրականացված ուսումնասիրություններին և բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին։

 «Նախ պետք է հաշվի առնենք մարդու անմեղության կանխավարկածը, դատավճիռ չկա։ Եթե նայում ենք ՔԿ-ի հաղորդագրությանը, առաջին դրվագը վերաբերվում է փոխնախարար Անի Իսպիրյանին, նրա մասով բացակայում են 2 կարևորագույն բառեր՝ «կաշառք կամ որևէ այլ կերպ շահագրգռված, մոտիվացված լինելը» և չկան «բյուջեի փողերի ծախս» բառերը, պետք է լրացուցիչ պարզաբանվի՝ ինչ է նշանակում չարաշահում», - նշեց Քերոբյանը։

Նախարարը համոզմունք հայտնեց նաև, որ դատարանով կպարզվի՝ օրենքի որևէ խախտում չի եղել․ «ՔԿ-ից պիտի բացատրեն՝ ինչ է նշանակում առերևույթ կոռուպցիա՝ բարեկամին տենդեր նվիրել, կաշառք»։

Հիշեցնենք՝ երեկ ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, որ իրականացվող քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում ձերբակալվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ինչպես հետո հայտնի դարձավ, նաև՝ նույն նախարարության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյա, ինչպես նաև՝ պետական պաշտոն չզբաղեցնող ևս մի քանի այլ անձինք։
 

Մանրամասներ՝ տեսանյութում։

 

 

--00—ԼՀ