Հայաստանում հայտնի սուպերմարկետներից մեկի տիրոջ տանը հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Screenshot_3

Այսօր՝ ապրիլի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Օշական գյուղի տներից մեկում հայտնաբերել են կախված տղամարդու դի։ Պարեկներ Հարություն Սահակյանն ու Արթուր Ալեքսանյանը սահմանազատել են տարածքը։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան պարսպի երկաթյա անկյունակներում կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Գ․ Օ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով նշված տունը պատկանում է Հայաստանում հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջը, իսկ մահացածը նշված տանը գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։

--00—ՅՄ