Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ba

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձին զրույցների արդյունքների մասին հաղորդագրություններ է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ղեկավարն ալ Թանիի և աս-Սիսիի հետ դիտարկել է «ներկայում քննարկման փուլում գտնվող պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատվածում կրակի անհապաղ և երկարաժամկետ դադարեցման շուրջ գործարքը»։

«(ԱՄՆ) նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի` ապահովելու դրա պայմանների լիարժեք կատարումը», - հավելել են Սպիտակ տանը։

Իսկ Եգիպտոսի նախագահի հետ զրույցում Բայդենը կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համար, քանի որ դա միակ խոչընդոտն է Գազայի բնակիչներին դեպի անհապաղ զինադադար և իրավիճակի թեթևացում տանող ճանապարհին»:

Սպիտակ տան ղեկավարը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է նաև «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսականորեն կարևոր օգնության հոսքն ավելացնելու նախաձեռնությունները»։

«(ԱՄՆ) նախագահը նաև հաստատել է, որ կարևոր է պաշտպանել քաղաքացիական անձանց կյանքը և ապահովել, որ պաղեստինցիները Եգիպտոս կամ Գազայի սահմաններից դուրս որևէ այլ վայր չտեղափոխվեն», - նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

--00—ԼՀ