Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

gg

Գերմանիայի ԶՈՒ-ն ու Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ուժերը նախատեսում են 2025 թվականին իրենց առաջին համատեղ ցամաքային զորավարժություններն անցկացնել։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Kyodo գործակալությանը, այս մասին  հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Ճապոնիայի տարածքում։ Դրանք կլինեն Գերմանիայի և Ճապոնիայի միջև առաջին համատեղ ցամաքային զորավարժությունները։

Գերատեսչության ղեկավարը մանրամասնել է, որ Գերմանիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչները վերջերս այցելել են Ճապոնիա՝ սկսելու առաջիկա զորավարժությունների համակարգումը։ Նա  ընդգծել է, որ նման նախաձեռնությունը կօգնի պահպանել միջազգային կարգը՝ հիմնված օրենքի տառի վրա։

Նախատեսվում է նաև, որ 2024 թվականի օգոստոսին ճապոնական նավահանգիստներից մեկը կմտնի գերմանական ֆրեգատը, իսկ հուլիսին գերմանական ռազմաօդային ուժերի կործանիչները կմասնակցեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի հետ համատեղ վարժանքներին։