AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

y.

Բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է չեղարկել COVID-19-ի դեմ Oxford-ի համալսարանի հետ համատեղ մշակած իր պատվաստանյութի վաճառքի և օգտագործման թույլտվությունները ամբողջ աշխարհում՝ դրա պատճառած հազվադեպ և վտանգավոր կողմնակի ազդեցության զոհերի հետ իրավական պայքարի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

Ընկերության կողմից մարտի 5-ին կայացրած որոշման համաձայն՝ մայիսի 7-ից Vaxzevria վեկտորային պատվաստանյութն այլևս չի կարող օգտագործվել Եվրամիությունում։ Առաջիկա ամիսներին դեղամիջոցը հետ կկանչվի նաև Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Ի դեպ, ԱՄՆ-ն երբեք չի հաստատել AstcaZeneca-ի մշակած պատվաստանյութի օգտագործումը։

AstraZeneca-ն այս քայլը բացատրում է բացառապես կոմերցիոն նկատառումներով՝ նշելով, որ դեղամիջոցը դադարել է պահանջարկ ունենալ և շուկայից դուրս է մղվել այլ դեղամիջոցների կողմից, որոնք կարող են պաշտպանել COVID 19-ի նոր տարբերակներից:

«Մենք աներևակայելի հպարտ ենք այն դերով, որ խաղացել է Vaxzevria-ն համաշխարհային համավարակի դեմ պայքարում։ Միայն օգտագործման առաջին տարում, անկախ գնահատումների համաձայն, ավելի քան 6,5 միլիոն կյանք է փրկվել և ավելի քան 3 միլիարդ չափաբաժին է առաքվել ամբողջ աշխարհում, - ասվում է ընկերության հայտարարության մեջ: - Քանի որ COVID-19-ի մի քանի տարբերակների համար պատվաստանյութեր են մշակվել, կա նորացված պատվաստանյութերի ավելցուկ։ Սա հանգեցրել է Vaxzevria-ի պահանջարկի նվազման, և այն այլևս չի արտադրվում կամ վաճառվում»:

Անցյալ տարվանից բրիտանական դատարանում ընթացքի մեջ է AstraZeneca-ի դեմ խմբակային հայցը, որը հարուցվել է այն մարդկանց հարազատների կողմից, ովքեր մահացել են կամ լուրջ վնասներ են ստացել կորոնավիրուսի դեմ տվյալ պատվաստանյութով պատվաստումից հետո: Դատարան ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ այս տարվա փետրվարին ընկերությունը խոստովանել է, որ պատվաստանյութի օգտագործումը կարող է առաջացնել հազվադեպ կողմնակի ազդեցություն՝  թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզ՝ TTS (thrombosis with thrombocytopenia syndrome)։ Դրա առաջացման պատճառներն անհայտ են։

Առաջինը դատարան է դիմել Ջեյմի Սքոթը, որը 2021 թվականի ապրիլին պատվաստում ստանալուց հետո արյան թրոմբի պատճառով ուղեղի արյունազեղում է ստացել, ինչը անդառնալի վնաս է առաջացրել՝ չնայած բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։ 81 մարդ մահացել է այդ կողմնակի ազդեցության պատճառով, հարյուրավոր մարդիկ՝ վնասվել։ Իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ հայցվորների վերջնական թիվը կարող է հասնել մի քանի հարյուր մարդու, ինչն ընկերությանը սպառնում է բազմամիլիոնանոց վնասներով։

Կառավարությունը փոխհատուցում է տրամադրել պատվաստանյութից վնասներ կրած մարդկանց, սակայն AstraZeneca-ի դեմ քաղաքացիական առանձին հայցեր են ներկայացվել։ Ընկերությունը վիճարկում է դրանք:

--00—ԼՀ