ՄԻՊ-ը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի լիագումար նիստին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

միպ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մայիսի 7-ին մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի  լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 Միջոցառման շրջանակում քննարկվել են նաև խոշտանգումների կանխարգելման ու բռնի տեղահանված անձանց, փախստականների իրավունքներին առնչվող հարցեր։ 

 Անահիտ Մանասյանը ներկայացրել է խոշտանգումներին և վատ վերաբերմունքի այլ ձևերին առնչվող գործերի արդյունավետ քննության կարևորությունը: Պաշտպանն ընդգծել է նշված գործերի քննության առանձնահատկությունների առնչությամբ իրավապահ մարմինների կարողությունների բարելավման և դրան ուղղված համատեղ ծրագրերի մշակման ու իրականացման անհրաժեշտությունը։

 Անդրադարձ է կատարվել ՀՀ ՄԻՊ առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի գործունեությանը, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 

«Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը շատ կարևոր հարթակ է ոլորտային  հարցերի շուրջ լսելու քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին` նրանց մտահոգությունները նաև պետական մարմիններին հասցնելու առումով»,- նշել է Պաշտպանը։ 

 Միջոցառման մասնակիցներին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, կարևորել նրանց իրավունքների պաշտպանության առանձնահատուկ կառուցակարգերի  մշակման և գործադրման անհրաժեշտությունը, ընդգծել նաև միջազգայինն կազմակերպությունների դերակառարությունը այս գործընթացում։ 

 Անահիտ Մանասյանը կարևորել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը և  աջակցության բարձրացումը բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության հարցում` նկատի ունենալով այն, որ վերջիններս հաճախ հետապնդումների և վատ վերաբերմունքի այս կամ այն դրսևորումների զոհ են, և նրանց խնդիրները պետք է ստանան առանձնահատուկ կառուցակարգերով պատշաճ հասցեավորում։ Այս համատեքստում Պաշտպանը հանդես է եկել մի քանի առաջարկություններով։

--00—ԼՀ