Բագրատյանը փոխմարզպետին «Բերիա», «գործ տվող» է անվանել, տեսանյութը տեսել եմ․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մանրամասներ է պատմել Քաղաքացու օրը Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպից։ 

«Չգիտեմ՝ ի՞նչ հիմքերով է հերքում պարոն Բագրատյանը։ 13 տարեկանից հետո դեռահասության խնդիրները հաղթահարել եմ, շատ պատասխանատու եմ վերաբերում իմ խոսքերին և գիտեմ՝ ինչ ուժ ունի խոսքը։ Երբեք չէի ասի նման բաներ, եթե չտեսնեի իմ աչքով, իսկ տեսանյութերը ես տեսել եմ, ինչը հրապարակելու իրավունք չունեմ, բայց տեսել եմ պարոն Բագրատյանի պահվածքը», - ասել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

24News-ի լրագրողի հարցին՝ ի՞նչ պահվածք ուներ, ի՞նչ էր անում պարոն Բագրատյանը,  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ներկայացրել է դեպքի մանրամասները։

«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երիտասարդները, որոնք եղել են պարոն Բագրատյանի հետ, եկել են և անհարգալից ձևով փոխմարզպետի դիմաց ծխախոտի մնացորդն են շպրտել, ու ագրեսիվ հարցրել՝ հը՞ն, ի՞նչ կա, խնդիր կա՞, բա՞ն ես ուզում ասել։ Հորդորել է վերցնել (խմբ․՝ փոխմարզպետը), չաղտոտել տարածքը։ Ռազմիկ Տոնոյանը, հասկանալով՝ լարված իրավիճակ է, ընթացք չի տվել։ Զանգահարել է ոստիկանապետին և խնդրել ներկա գտնվել ոստիկանների, որովհետև իր կարծիքով լարված վիճակ է։

Էդ միջադեպին, ինչ որ հետո է կատարվել, ներկա են եղել Վայոց Ձորի ոստիկանապետը և 3 ոստիկաններ, որոնք, բնականաբար, ամեն ինչ տեսել են, ֆիքսել են, նկարների և վիդեոյի մեջ կա, որ իրենք ֆիքսել են։ Չեմ կարծում՝ նրանցից ինչ-որ մեկը պետք է հերքի», - մանրամասնել է պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և տեղեկացրել, որ Սերգեյ Բագրատյանը փոխմարզպետին անվանել է «Բերիա», «ազգի դավաճան», «գործ տվող»։

Քրիստինե Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ ոստիկանությունում միջադեպի մասնակիցներին խնդրել են արյուն հանձնել՝ սթափության աստիճանը ստուգելու համար, սակայն արյուն է հանձնել միայն փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, իսկ մյուսները, այդ թվում՝ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, հրաժարվել են։