ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News
«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Քրեական գործի շրջանակում որևէ անձ կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի»- գրել է Հարությունյանը:
Ավելի վաղ, հղում անելով «SHANTNEWS.am»-ին, գրել էինք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործից մանրամասներ են հայտնի դարձել, և որ աղբյուրների` սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին, նրանք ձերբակալվել են:
Պարզվել է նաև սպանությունն իրագործողի ինքնությունը, որն այս պահին փախուստի մեջ է: Ըստ որոշ տվյալների` սպանության պատվիրատուները կապ չունեն քրեական աշխարհի հետ, նրանց ինքնությունը գաղտնի է պահվում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1973 թվականին ծնված տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների՝ 2019-ի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հ․-ի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1973 թվականին ծնված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: