ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ֆրանսիայում անցկացրած արձակուրդից վերադառնալիս բրիտանացի ամուսնական զույգը ավտոմեքենայի խցիկում 17-ամյա անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, գրում է The Sun-ը:
57-ամյա Սայմոն Ֆենթոնը Նյուբերի քաղաքի իր տան մոտ ավտոմեքենան կայանելուց հետո սեփական տան դուռը բացելիս լսել է իրենից ետ մնացած կնոջ ճիչը:
Նայելով ավտոմեքենայի կողմը՝ Ֆենթոնը տեսել է, թե ինչպես է մի երիտասարդ փորձում դուրս գալ մեքենայի վերնախցիկից: Տղայի կոտրատված գերմաներենից ամուսինները պարզել են, որ նա Եգիպտոսից է, 17 տարեկան:
Ամուսինները, այնուհետև, ոստիկանություն են կանչել, որն էլ ձերբակալել է երիտասարդին: Ֆենթոնը ենթադրել է, որ տղային հաջողվել է սողոսկել ավտոմեքենայի մեջ, երբ այն կայանված է եղել ֆրանսիական Կալե քաղաքում:
Գործի առնչությամբ քննություն է իրականացվում: