ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել ոստիկանության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

.

«Եվրոպական միությունը աջակցում է ժամանակակից և քաղաքացիակենտրոն ոստիկանության ծառայության ստեղծմանն ուղղված Հայաստանի ջանքերին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում ԵՄ գրասենյակը:

«Մարտահրավերներով հագեցած այս ժամանակաշրջանում՝ Եվրոպական միությունը բարձր է գնահատում ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Ոստիկանության կողմից ներդրված ջանքերը, որոնց շնորհիվ անցյալ շաբաթ հաստատվել է ոստիկանության ռազմավարությունը և դրանից բխող՝ 2020-2022 թվականների Գործողությունների ծրագիրը և պատրաստ է համախմբել ուժերը դրանց վաղ իրականացման ուղղությամբ։

Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը վիրտուալ քաղաքավարության այց է կատարել ոստիկանության ղեկավար Արման Սարգսյանին, որի ընթացքում դեսպանը շնորհավորել է նրան և քննարկել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության մանրամասները՝ վերահաստատելով ընթացող բարեփուխմների աջակցությունը խորացնելու ուղղությամբ ԵՄ հանձնառությունը»։