Տուգանքից եկած գումարը պետք է ուղղել բժիշկներին՝ որպես հավելավճար. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

dimak

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ առաջարկելով դիմակ չդնելու համար քաղաքացիներից տուգանքի շրջանակում գանձվող գումարները փոխանցել բժիշկներին որպես հավելավճար: 

«Ու զարմանում եմ, որ դեռ նման հարց կա...

Կրե՞լ դիմակ, թե՞՝ ոչ։

Դիմակն ամբողջությամբ չի պաշտպանում, բայց 30 % նվազեցնում է վարակվելու հավանականությունը։ Պետությունը օրենք է ընդունել պարտադիր դիմակ կրելու մասին և ճիշտ է արել, որովհետև խնդիրը վերաբերում է մարդկային կյանքերին։

Կան մարդիկ, որոնք հասկանում և ենթարկվում են դիմակ կրելու պետական պարտադրանքին՝ փորձելով հնարավորինս անվտանգ պահել իրենց և շրջապատող անձանց առողջությունը։ Կա մարդկային մի տեսակ էլ, որ կասկածում և հակադրվում է ցանկացած որոշման, առավել ևս որ դա իր կողմից չսիրված իշխանությունը կամ անհատն է առաջարկում, և ցուցադրական կամ կեղծ պատրվակներով ու բացատրություններով դիմակ չի կրում՝ վտանգելով իր և իր շրջապատի անձանց առողջությունը։

Հիմա պետությունը ո՞ւմ պետք է պաշտպանի՝ օրինապաշտի՞ն, թե՞ անօրենին, և եթե գտնում եք, որ օրինապաշտին, ապա ինչպե՞ս...

Ազատազրկելը անհամաչափ է և, իմ կարծիքով, շատ խիստ: Մնում է վարչական տուգանքը, իսկ հետևություն չանելու դեպքում՝ դրա բարձրացումը։ Տուգանքները շատ բարձր են ու եռօրյա ժամկետում պարտադիր գանձվել են թե՛ Վրաստանում և թե՛ մարդկային կարգապահությամբ լավ օրինակ հանդիսացող Գերմանիայում։

Այլ տարբերակ դիմակ կրելու մասով աշխարհում չի կիրառվել, իսկ տուգանքից եկած գումարը, իմ կարծիքով, ամբողջությամբ պետք է ուղղել բժիշկներին՝ որպես հավելավճար, քանի որ նրանք են կրում օրենքը չհարգող մարդկանց անպատասխանատու պահվածքի ամբողջ ծանրությունը։

Կրե՛ք դիմակ և առո՛ղջ եղեք...»,-գրել է Արամ Սարգսյանը և հավելել #Կրիր_Դիմակ և
#Փրկիր_Կյանքեր հեշթեգները:

--00—ԼՄ