Թուրքիան այս պատերազմի հիմնական հովանավորն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ԶՈւ կազմում զինյալների ու ահաբեկիչների օգտագործման հարցին:

«Այդ մասին արդեն ամբողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր պահ է, և կարևոր է նաև այն պատճառով, որ օգնում է հասկանալ` ով և ինչ նպատակներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան ապացույցներ, որ Սիրիայից ժամանած ահաբեկիչ-զինյալները մասնակցում են ԼՂ դեմ պատերազմին: Այդ տեսաապացույցներն արդեն հրապարակված են սոցկայքերում և լրատվամիջոցներում: Եվ այժմ ակնհայտ է, որ Թուրքիան այս պատերազմի հիմնական հովանավորն է»,- ասել է նա:

Փաշինյանն ընդգծել է` Թուրքիան վարձել և ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխել այդ ահաբեկիչներին, և Թուրքիայի որոշմամբ ու հովանավորչությամբ էլ որոշում է ընդունվել սկսել այս պատերազմը, այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Կարևոր է հասկանալ` Թուրքիան ինչու է այդպես վարվել: Քանի որ ակնհայտ է` Ադրբեջանի բանակը միայնակ չի կարող պատերազմել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ: Այդ իսկ պատճառով Թուրքիան որոշել է օգտագործել ահաբեկիչների: Թուրքական զորքերը այս պատերազմին մասնակցում են ոչ միայն ռազմական գործողությունների ղեկավարմամբ, այս պատերազմի մասնակից են հենց թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները: Կան տվյալներ, որ ռազմական գործողություններին մասնակցում են նաև Պակիստանի բանակի հատուկ ստորաբաժանումները: Ես կարծում եմ` առնվազն այն, որ Թուրքիայի կողմից զինյալներ են մասնակցում այս պատերազմին, դա արդեն ապացուցված է ամբողջ աշխարհում, քանի որ շատ միջազգային ԶԼՄ-ներ են արդեն գրում այդ մասին»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև նշել է` վերջին օրերին Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից հետաքրքիր տեղեկություններ են ստացվում. Չեչնիայում և Դաղստանում ոչնչացվել են զինյալներ, ու տեղեկություն է եղել, որ նրանք եկել են արտերկրից` Սիրիայից: Փաշինյանն այստեղ անմիջական կապ է տեսնում: Թուրքիան ահաբեկիչներին Սիրիայից տեղափոխել է ԼՂ հակամարտության գոտի` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, իսկ այժմ նրանք արդեն հայտնվել են Հյուսիսային Կովկասում:

«Դա շատ նշանակալի փաստ է, որը ցույց է տալիս, որ ստեղծված իրավիճակն արդեն միայն ԼՂ հակամարտություն չէ, այն արդեն տեղային առումով դուրս է եկել սահմաններից, դարձել է լայնամասշտաբ հակամարտություն, որ առնչվում է տարածաշրջանային երկրների կոնկրետ շահերը: Ես կարծում եմ, որ հատկապես Ռուսաստանում պետք է ուշադիր լինեն այս փաստին»,- ասել է նա:

--00--ԱԹ