Գևորգը մի քանի անգամ առաջարկել է հանդիպել Ծառուկյանի հետ, բայց ես մերժել եմ. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

«2012 թ.-ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից ինձ առաջարկում էին հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից, սակայն ես մերժել եմ ու որեւէ ուժի հետ հանդիպում չեմ ունեցել»։ Այս մասին քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառույանի հարցադրմանը․ «Գևորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար»։

«2012 թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին, ասում՝ արի գնանք, մեր առաջնորդի հետ հանդիպի, որ քո համար լավ լինի, մի ուժն էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, որ էն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն էլ Վիկտոր Դալլաքյանն էր, ես որեւէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գեւորգը սպորտսմեն է, միասին ենք ծառայել, նա մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և՛ ընտրությունից առաջ, և՛ հետո, սակայն, ես մերժել եմ»,– ասել է Մարուքյանը և տեղեկացրել, որ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է ընտրություններից հետո ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մի միջոցառման ժամանակ։ Իրենց ծանոթացրել է Խաչիկ Գալստյանը.

«Ծառուկյանն ինձ ասաց՝ տեսար ոնց Վիկտոր Դալլաքյանը խայտառակ եղավ, որովհետեւ իշխանության մեջ մտավ, ես էլ ասացի՝ ես ունեմ կորցնելու մի բան՝ դա իմ անունն է, և ես չեմ կարող իմ անունը դնել կասկածի տակ։ Ես մնացի անկախ պատգամավոր, ոչ մի ուժ չմտա։ Իսկ ով, որ իմ հովանավորներին գիտի, թող ասի, մենք բաց, թափանցիկ գործել ենք, մեր հովանավորը ՀՀ քաղաքացին է»,-ասել է Մարուքյանը։