Միքայել Հարությունյանի նկատմամբ քրհետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել Հարությունյանի պաշտպան Կարեն Սարդարյանը։

ՀՔԾ-ն 2018թ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավել՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալել համար: Որոշում է կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

Պաշտպան Կարեն Սարդարյանն ասել է, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել, քանի որ ՍԴ համապատասխան որոշումն օրինական ուժ է ստանում հրապարակման պահից և այդ պահից սկսած ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը գոյություն չունի, չի կարող լինել նաև այդ հոդվածով մեղադրանք, ուստի՝ գործը պետք է անհապաղ կարճվի։ Փաստաբանի դիտարկմամբ՝ առանց միջնորդության էլ նախաքննական մարմինը պարտավոր է քրեական գործը կարճել։

«Նախաքննական մարմինն ինչ կորոշի՝ չեմ կարող ասել, բայց օրենքի պահանջն է՝ գործը կարճել»,- նշել է Սարդարյանը։

Ինչ վերաբերում է արարքի վերաորակմանը, Սարդարյանը նշել է, որ նման հիմքեր առկա չեն։

--00--ԱԹ