Ստիպված եմ խոսել նոր խավի մասին՝ «Նիկոլի կանանց»՝ Փաշինյանի ամենամոլի աջակիցների. Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Thumbnail

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրել է.

«Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը։ Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։

Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։

Կխոսեմ՝ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փաշինյանի ամենամոլի աջակիցների։

Ի տարբերություն տղամարդկանց, նրանք հանդիսանում են Նիկոլի առավել ազդեցիկ աջակիցների խումբը։ Նրանք էմոցիոնալ կերպով ցուցադրում են իրենց նախասիրությունը և ագրեսիվ ազդում միջավայրի վրա։ Եվ նրանց, հաճախ դժվար է պատասխանել,քանի որ կին են։

Նրանք հայ կանայք են, որոնք կարող են այլանդակ հայհոյանքներ ասել, անիծել այլ հայ մայրերի և չկարեկցել նրանց, ովքեր կորցրել են իրենց երեխաներին 44 օրյա պատերազմի ընթացքում։ Նրանք կանայք են, ովքեր կարող են արդարացնել Նիկոլին՝ հազարավոր երիտասարդների մահվան ու մեր հայրենիքի կորստի հարցում։

Մենք պարտավոր ենք հասկանալ՝ ինչը՞ կարող էր նրանց դրդել այդչափ չարության, ատելության և թշնամանքի, չէ որ նրանք կին են՝ ընտանեկան օջախի պահապաններ և այդօրինակ պաշտպանելով Նիկոլին, իրականում քանդում են մեր ընդհանուր օջախը՝ մեր հայրենիքը։

Վերջին այցելություններս մարզեր, ապացուցեցին այս ցավոտ թեմայի շուրջ իմ նախկին մտորումների իրավացիությունը։ Որո՞նք են նման խավի գոյության խորքային պատճառները։

Պատճառները բազմազան են, բայց իմ խորին համոզմամբ հիմնական համարվում են սոցիալ-հոգեբանական գործոնները և ժամանակակից տեխնոլոգիաները։

Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր կանայք մնացին առանց աշխատանք։ Այդ աշխատանքը նրանց համար հանդիսանում էր սոցիալիզացիայի արեալ, միաջավայր։

Ամեն աշխատանքային օր նրանց համար հնարավորություն էր, իրենց կարգի բերելով դուրս գալ հասարակություն, մարդամեջ՝ շփվել, ինտեգրվել, լսել, հաղորդակից լինել։

Նաև այդ նպատակով Խորհրդային տարիներին ողջ երկրով մեկ ստեղծվում էին բազմազան ձեռնարկություններ՝ թեթև արդյունաբերության, վերամշակող և այլն։ Գյուղական վայրերում կային ֆերմաներ և գյուղատնտեսական այլ ձեռնարկություններ։

Դրան ավելացնենք դպրոցները, ամբուլատորիաները, ադմինիստրատիվ հիմնարկները։

Այսօր բազմաթիվ գյուղերում և քաղաքատիպ ավաններում, բացի պետական նշանակության փոքրաթիվ հիմնարկներից ոչ մի այլ գործող հիմնարկ, ձեռնարկություն չկա։

Կանանց սոցիալիզացիայի արեալը կտրուկ փոքրացել է։ Նրանց ճնշող մեծամասնությունն արդեն 30 տարի է տանն է՝ իրենց ընթացիկ հոգսերով և խնդիրներով, և հաճախ բավական ծանր սոցիալական պայմաններով»։