37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է ավտովերանորոգմամբ զբաղվող երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

երիտասարդ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշով։

Կայքի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և կայացրել է որոշում՝ Նարեկ Պ-ի նկատմամբ, այն է՝ վերջինս որպես հետախուզվող, որոնվում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։

Նա կասկածվում է Երևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վահագն Մ-ին սպանելու մեջ։ Վահագն Մ-ն 2020 թվականի նոյեմբերի 2-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից։ Նա զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ և վերջերս էր արտասահմանից վերադարձել Հայաստան, իսկ կասկածյալ Նարեկ Պ-ն զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները այդ սպանությունը բացահայտելու ուղղությամբ կատարել են նախ որոնողական, ապա՝ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ինչի արդյունքում Կոտայքի մարզում հայտնաբերվել էր սպանվածի դին, իսկ այնուհետև պարզվել է սպանության մեջ կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Նարեկ Պ-ին հայտնաբերելու ուղղությամբ։

--00--ԱԹ